Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի խնդրանքով Իրանի իշխանությունները ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին, ժամկետից երկու տարի շուտ բանտից ազատ են արձակելու բողոքական հովիվ, 36-ամյա Ֆարշիդ Ֆաթիին: Այս մասին տեղեկացնում է Ռուս Ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի մամուլի ծառայությունը: Տեղեկացնենք, որ Ֆարշիդ Ֆաթիին ձերբակալել էին 2010 թվականին և դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Նրան մեղադրել էին Իրանի անվտանգությանը սպառնացող գործունեություն իրականացնելու համար: Մոսկվայի պատրիարքության տեղեկացմամբ` Պատրիարք Կիրիլը տարբեր երկրների քաղաքական և կրոնական առաջնորդների հետ համագործակցության շրջանակներում մշտապես բարձրացնում է մուսուլմանական երկրներում բանտարկված քրիստոնյաների հարցը: <<Բանտարկված քրիստոնյաների հարցով Պատրիարք Կիրիլը բազմիցս դիմել է Սուդանի, Պակիստանի, Իրանի իշխանություններին, ինչը մեծ ոգևորությամբ են ընդունել տարբեր հարանվանությունների քրիստոնյաները ողջ աշխարհում>>-հայտարարել են Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնում: