Հունական լրատվամիջոցների համաձայն` Թուրքիայում ընթացող նախընտրական կամպանիայի ժամանակ որոշ քաղաքական գործիչներ դարձյալ առաջարկել են ուղղափառության խորհրդանիշ համարվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Թուրքական մամուլը հայտնում է, որ մշակույթի և զբոսաշրջության նախարար Յալչին Թոփչուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ օրակարգում դրված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը: Թուրք նախարարը հիշեցրել էր, որ Մեհմեդ II-ը գրավելով Կոնստանդնուպոլիսը առաջնահերթ քրիստոնեական այդ հայտնի տաճարը դարձրել էր մզկիթ: Հույն թուրքագետ Նիկոս Խիլիադակիսի կարծիքով Թուրքիայի ներքին լարված վիճակը, կառավարող վերնախավի անկայուն դիրքը կարող են խթանել տաճարը մուսուլմանական մշակութային հաստատություն դարձնելու քայլին: Այդ կերպ իսլամիստները հույս ունեն մեծացնել իրենց հեղինակությունը այս տարվա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: