Ավստրալիայի << Հիլսոնգ>> եկեղեցու փառաբանության առաջնորդ Դարլին Չեկը իր բլոգում պատմել է, թե ինչպես էր մասնակցել Վատիկանում հալածվող եկեղեցու համար կայացած էկումենիկ աղոթքին: Մի քանի ամիս առաջ Դարլինի գրասենյակը նամակ էր ստացել, որում նրան հրավիրում էին մասնակցել սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք միջոցառմանը: Նրան հրավիրում էին առաջնորդել փառաբանությունը մյուս հայտնի կատարողների հետ միասին: Նամակում տեղեկացնում էին նաև, որ Աստծուն փառաբանելու և երկրպագելու համար Վատիկանում հավաքվելու են քրիստոնեական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչներ: << Ես շատ հրավերներ չեմ ընդունում: Սակայն այս անգամ, Մարկի հետ միասին զգացինք, որ շատ կարևոր է ընդունել այս հրավերը: Ինձ համար անհասկանալի է որոշ քրիստոնյաների կոշտ և կտրուկ քննադատությունները իմ հասցեին այդ միջոցառմանը մասնակցելու համար: Նրանք չեն հասկանում, թե ես ինչու գնացի Վատիկան, ինչու էր ինձ համար կարևոր այնտեղ ներկա լինելը>>-գրել էր Դարլինը և շարունակել.<<Ես չէի գնացել այնտեղ կաթոլիկ դառնալու, կամ տեսարժան վայրերը այցելելու: Ես այնտեղ էի, որպեսզի փառաբանեմ իմ Տիրոջը, բարձրացնեմ Հիսուսի անունը>>: Այնուհետև Դարլին Չեկը նկարագրել էր սուրբ Պետրոսի հարապարակում տեղի ունեցածը.<< Ֆրանցիսկոս I Պապը հրապարակում ներկա գտնվողներին խնդրեց երեք անգամ բարձրաձայն հռչակել, որ Հիսուսն է Տերը: Քարոզեցին Սուրբ Հոգու զորության, Աստծո ողորմածության մասին >>-գրել էր երգչուհին: Նա իր ափսոսանքն էր հայտնել, որ ամբողջ եկեղեցու համար աղոթելու փոխարեն, որոշ քրիստոնյաներ անհանդուրժողականություն են ցուցաբերում մյուս հարանվանությունների նկատմամբ:
Տեղեկացնենք, որ երկրպագության բողոքական առաջնորդներ Դարլին Չեկը և Դոն Մոենը մասնակցել էին Հռոմի Պապի նախաձեռնությամբ հալածվող եկեղեցու համար Վատիկանում տեղի ունեցած էկումենիկ աղոթքին: