Եգիպտոսի Մինիա նահանգի Ալ-Օուր գյուղի ղպտի քրիստոնյա բնակիչները տեղի իշխանություններից պահանջել են խստացնել անվտանգության միջոցները` կապված արմատական իսլամիստների կողմից հնարավոր սադրանքների հետ: Նշենք, որ այս գյուղում էին բնակվում Լիբիայում իսլամիստ գրոհայինների կողմից գլխատված ղպտի 20 քրիստոնյաներից 13-ը: Ղպտի ուղղափառ եկեղեցին Լիբիայում նահատակված այս քրիստոնյաներին սրբերի կարգին է դասել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին կարգարդել էր զոհված քրիստոնյաների հիշատակին նվիրված եկեղեցի կառուցել: Դրանից հետո արմատական մուսուլմանական խմբերը մի քանի բռնարարքներ էին կատարել`փորձելով արգելել եկեղեցու կառուցումը: Այժմ, երբ ընթանում են շինարարական աշխատանքները, շարունակվում են հարձակումները ղպտի քրիստոնյաների վրա: Ապրիլի վերջին անհայտ անձինք հրկիզվող նյութով երկու շիշ էին նետել գլխատված քրիստոնյաներից մեկի տան վրա: Հրկիզել են նաև ղպտիներին պատկանող դաշտեր և տներ: Տեղի քրիստոնյաները հավատացած են, որ այդ բռնարարքները կատարում են այլ շրջանների մուսուլմանները: Ի դեպ` վերջերս եգիպտական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ալ-Օուր գյուղի մուսուլման բնակիչները զոհաբերություններ են հավաքում եկեղեցու շինարարությանը օգնելու համար: Հատկապես ակտիվ են երիտասարդ մուսուլմանները, ովքեր ցնցված են իրենց համագյուղացի քրիստոնյաների դաժան սպանությամբ: