Նյու Յորքի «Հավիտենություն» եկեղեցու հովիվ Վիլյամ Դեվլինը ամերիկյան եկեղեցիների հովիվներին կոչ է արել գնալ Իրաք և ծառայել հալածվող քրիստոնյաներին: «Ես իրաքցի քրիստոնյաներին ասում եմ, որ ձեզ մոտ եմ եկել, որպեսզի իմանաք, որ Ամերիկայի եկեղեցին ձեզ չի մոռացել: Սակայն ես միակ ամերիկացի հովիվն եմ այնտեղ» – The Christian Post պարբերականին պատմել էր հովիվ Դեվլինը, ով անցյալ տարվա դեկտեմբերին այցելել էր Իրաքի Քուրդիստանում ապաստանած քրիստոնյաներին և ծառայել նրանց համար: Նա ծրագրել է հուլիսին դարձյալ այցելել Իրաք: «Պատկերացնում եք ինչեր կարող են անել մեծ եկեղեցիների հովիվները իրենց հնարավորություններով: Սակայն նրանք դուրս չեն գալիս իրենց անվտանգ ամբիոնների ետևից» -ասել էր Վիլյամ Դեվլինը: Նշենք, որ այս հովիվը ծառայել է հալածվող քրիստոնյաներին 11 երկրներում: Նա հայտարարում է. «Հիսուս Քրիստոսն է ասել, որ հավատացյալները պետք է օգնեն դժվարին պայմաններում գտնվող քույրերին և եղբայրներին»: Հովիվ Դեվլինը պատրաստ է վճարել այն հովիվների ճանապարհածախսը, ովքեր կցանկանան իր հետ միասին մեկնել Իրաք: «Ես նպատակ ունեմ Իրաքը հեղեղել արևմուտքի մարդկանցով, ովքեր սիրում են Հիսուսին, ովքեր կցանկանան հումանիտար օգնություն տրամադրել կարիքավորներին»- պատմել է Վիլյամ Դեվլինը: Նա նշել էր նաև, որ իր կոչին ավելի հաճախ կանայք են արձագանքում, քան տղամարդիկ: Նրանք դա պատճառաբանում են իրենց զբաղվածությամբ: «Ես արդեն 61 տարեկան եմ և նույնպես պարտականություններ ունեմ: Ամուսնացած եմ, հինգ երեխաների հայր եմ և երեք թոռնիկների պապ: Բայց ես գնում եմ Իրաք: Կանանց չեմ կարող տանել, որովհետև վտանգավոր է այնտեղ: Հուսով եմ, որ կարող ենք ծառայել Իրաքում, իմ կարծիքով իրաքցի քրիստոնյաներին չաջակցելը ամոթ է» – ասել էր հովիվ Վիլյամ Դեվլինը: