Ռուսական ԶԼՄ-ների համաձայն` Վիենայում կայացել է  մուսուլմանական- հրեական միջազգային կոնֆերանս` նվիրված արմատականության դեմ պայքարի հարցերին: Հրեական պատվիրակությունը ղեկավարում էր  Մոսկվայի Գլխավոր րաբբի, Եվրոպայի  րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդտը, իսկ մուսուլմանական պատվիրակության ղեկավարն էր  Գերմանիայի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ, Եվրոպայի իսլամական կազմակերպությունների դաշնության  տնօրեն Իբրահիմ Էլ-Զայաթը: <<Այսօր Եվրոպան  հայտնվել է  ահաբեկչության հետ կապված դժվարին խնդիրների առջև: Րաբբիները և իմամները  պետք է  համատեղ լուծում գտնեն  ժամանակակից հարցերին: Դրանցից մեկը<< Իսլամական պետություն>> խմբավորումն է, որին կարելի է անվանել  դանդաղ գործողության ռումբ>>- հայտարարել էր Գոլդշմիդտը: Նշենք, որ մուսուլմանական և հրեական երկխոսության պատմության համար  եվրոպական կրոնական առաջնորդների  մակարդակով այս   կոնֆերանսը  առաջինն է: Նախկինում քննարկումները տեղի էին ունենում փորձագետների միջև:  Կոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկը  ծայրահեղականության, հակահրեականության և հակամուսուլմանության դեմ  համատեղ պայքարելու ջանքերի միավորումն է: Մասնավորապես  քննարկել էին  այնպիսի մեթոդների մշակման հարցը,որոնք երիտասարդներին կպաշտպանեն  արմատական կրոնական շարժումների ներկայացուցիչների ազդեցությունից և հսկողություն կսահմանեն  ահաբեկչության հետ կապ ունեցող մարդկանց վրա:  Կոնֆերանսում բարձրացվել էր նաև  եվրոպական օրենսդրության  ճնշման տակ հայտնված  հրեաների և մուսուլմանների  կրոնական իրավունքների  պաշտպանության հարցը, քանի որ Եվրամիության  մի շարք երկրներում  օրենսդրական միջոցներ են ձեռք առնում սահմանափակելու տարբեր կրոնների հետևորդների  իրավունքները` մասնավորապես  կրոնական հագուստ կրելը, խորհրդանիշներ կիրառելը, ավանդական ծիսական արարողություններ կատարելը: