Տոկիոյում բացվել է  ցուցահանդես, որը կոչվում է  << Գաղտնի քրիստոնյաներ>>: Ցուցահանդեսը պատմում է ճապոնացի քրիստոնյաների մասին, ովքեր դարեր շարունակ ստիպված էին թաքուն դավանել քրիստոնեությունը, որովհետև Հիսուսի հետևորդները այդ երկրում ենթարկվում էին սարսափելի կտտանքների և մահապատժի: Ցուցահանդեսում ներկայացված փաստաթղթերի , նամակների, նկարների  մի մասը հավաքվել է  խորվաթ միսիոներ, վանական Մարիո Մարեգոյի ջանքերով, ով Ճապոնիայում  ծառայում էր 20-րդ դարի սկզբին: Ճապոնիայում քրիստոնեությունը  տարածվել  է 16-րդ դարում: ճապոնացիներին  Ավետարան քարոզած առաջին միսիոները ճիզվիտ քահանա  Ֆրանցիսկ Քսավերին է: 1549 թվականին Քսավերին Կագոսիմա քաղաքում մկրտում է մոտ 100 մարդու: Եվ  հենց նրանք էլ կազմում են  կաթոլիկ առաջին համայնքը: Արդեն 16-րդ դարի վերջին Ճապոնիայում կար  գրեթե 300 հազար քրիստոնյա: Այդ ժամանակ Ճապոնիայի իշխանությունները  արգելեցին քրիստոնյա միսիոներների մուտքը երկիր , իսկ քրիստոնյաների դեմ սկսվեցին դաժան հալածանքներ: Նրանց խաչում էին,  ողջ ողջ այրում: Միայն 40 տարիների ընթացքում  հավատի համար տանջամահ են արվել 6 հազար քրիստոնյա:  Քրիստոնյաները ստիպված էին  անցնել ընդհատակ: Նրանց ծառայությունները գաղտնի էին անցնում: Ժամանակակից ճապոնական կրոնագիտության մեջ  այդ դարաշրջանի  քրիստոնյաներին անվանում են գաղտնի քրիստոնյաներ: Քրիստոնեության արգելքը տևել էր 250 տարի: Այդ ընթացքում  քրիստոնյաների մի մասին  մահապատժի են ենթարկում, մի մասն էլ բուդդայականության է վերադառնում:  1859 թվականին ճապոնիան բացեց սահմանները  միսիոներների առջև, սակայն հալածանքները քրիստոնյաների նկատմամբ շարունակվում էին: Եվ միայն 1873 թվականին  ճապոնական իշխանությունները հանեցին քրիստոնեության արգելքը և թույլ տվեցին ազատորեն քարոզել և դավանել: Այդ ժամանակ պարզվեց, որ Ճապոնիայում կար 10 հազար քրիստոնյա ընտանիք, ովքեր 250 տարի շարունակ գաղտնի դավանել էին Հիսուսին և իրենց հավատքը փոխանցել սերունդներին: