Ռուս Ուղղափառ եկեղեցին  դրական է գնահատել  Ռուսաստանի կառավարության որոշումը,  համաձայն որի  թույլատրվում է ռուսական զինուժը  օգտագործել Սիրիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  պայքարելու համար: Այս մասին հայտնել է Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վսևոլոդ Չապլինը: Իր հավանությունն է արտահայտել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: <<Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու որոշում է ընդունել Զինված ուժերը օգտագործել  սիրիացի ժողովրդին  պաշտպանելու համար ահաբեկչությունից: Այս որոշման հետ մենք կապում ենք  խաղաղության և արդարության  հաղթանակը  այդ հինավուրց հողում >>-ասել էր Պատրիարքը:  Նրա խոսքով  ուղղափառ մարդիկ   ցավով  են հետևում այդ տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող բռնություններին, հոգևորականների առևանգումներին և սպանություններին, տաճարների բարբարոսական ավերումներին: Ռուս եկեղեցու առաջնորդը շեշտել էր, որ իսլամիստ ահաբեկիչների վայրագություններից ոչ պակաս տառապում են նաև մուսուլմանները: <<Մաղթելով Սիրիային, Իրաքին  և Մերձավոր Արևելքի  մյուս երկրներին  խաղաղություն, մենք աղոթում ենք, որպեսզի այդ դաժան տեղային կոնֆլիկտը չվերաճի  մեծ պատերազմի, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ չզոհվեն խաղաղ բնակիչները, որպեսզի  բոլոր  ռուս զինվորները  ողջ վերադառնան>>- եզրափակել էր ռուս եկեղեցու առաջնորդը: