Մի քանի օր շարունակ  Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում  մուսուլմանները  ցույցեր են անցկացնում:  Նրանք բողոքում են, որ չի կատարվում <<աստվածանարգության>>  օրենքը և  պահանջում են, որպեսզի կառավարությունը  ինչպես հարկն է իրականացնի շարիաթի օրենքները: Այս մասին տեղեկացնում է Independent թերթը:  Ցուցարարներները հավաքվում են խորհրդարանի  և կառավարական այլ շենքերի մոտ, պահանջում կատարել իրենց պահանջները:  Բողոքի ակցիաների ժամանակ  զանգվածային անկարգություններ են տեղի ունենում,  հրկիզում են ավտոմեքենաները:  Զանգվածային բախումներ  էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների ու  բանակային ստորաբաժանումների միջև, որոնք  օգնում են  ոստիկանությանը  կարգ ու կանոն հաստատելու: Մուսուլմանների բողոքի պատճառը  Մումթազ Կադրիի մահապատիժն էր: Նրան մահվան էին դատապարտել Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրին սպանելու համար, ով  ակտիվորեն պաշտպանում էր քրիստոնյաների իրավունքները, մասնավորապես հանդես էր գալիս Ասիա Բիբիի մահապատժի դատավճռի դեմ: Ինչպես գիտենք Ասիա Բիբիի նկատմամբ << աստվածանարգության>> կեղծ մեղադրանքով  դատարանը մահապատժի վճիռ է կայացրել: Նախորդ տարի Վճռաբեկ դատարանը կանգնեցրել էր մահապատժի իրականացումը և ներկայումս Ասիան շարունակում է մնալ բանտում:  Հենց այս փաստն էլ առաջացրել է արմատական իսլամիստների  բողոքը: Նրանք պահանջում են իրականացնել Ասիայի մահապատիժը: Իսկ մարդասպան  Սալման Թասիրին   հերոս են համարում, պատրաստվում են  նրա հուշարձանը կանգնեցնել:Ընդհանրապես արմատական իսլամական կազմակերպությունները դժգոհ են վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքականությունից` համարելով արևմտամետ: Արմատական իսլամիստներին դուր չի  գալիս, որ տոնական օրեր են հայտարարվել քրիստոնեական Հարության տոնը  և հինդուիստական Հոլի փառատոնը, բացի դա Փենջաբ նահանգում  օրենքի նախագիծ է առաջադրվել, որը  երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես արգելում է  բռնությունները կանանց նկատմամբ: Քրիստոնյաների դեմ ատելության ակցիա էր նաև Սուրբ Հարության տոնի օրը` մարտի 27-ին Լահորի զբոսայգու մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը, որի հետևանքով զոհվել է 72 մարդ, այդ թվում 29երեխա: Զոհվածների մեծ մասը քրիստոնյա էր: Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել էր Պակիստանի Թալիբան շարժման հետ կապված << Ջամաաթ ուլ Ահրար>>խմբավորումը: