Հռոմի Պապը առաջին անգամ  շնորհավորել է չին ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ, որը լուսնային օրացույցով  նշելու են փետրվարի 8-ին: <<Նոր տարվա նախօրեին  ցանկանում եմ ողջունել և լավագույն բարեմաղթանքներս հայտնել  չին ժողովրդին և նախագահ Սի Ցզինպինին>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը  Հոնկոնգի Asia Times կայքին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Կաթոլիկ Հովվապետը հույս էր հայտնել, որ  Չինաստանի  ժողովուրդը  միշտ կգիտակցի  պատմության մեջ իրեն հատկացված  խոշոր դերը և իր դարավոր իմաստությամբ  շատ բան կարող է առաջարկել աշխարհին: << Չինաստանը ինձ համար միշտ եղել է  մեծ պետություն զորեղ  մշակույթով  և անսպառ իմաստությամբ>>- ասել էր Պապը: Նշենք, որ  Չինաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունները  դադարել են  1951թվականից: Ներկայումս Չինաստանում փաստացի գործում են  կաթոլիկ երկու եկեղեցիներ: Երկրում պաշտոնապես ճանաչված է այն եկեղեցին, որի  եպիսկոպոսներին նշանակում են  չինական իշխանությունները` չհամաձայնեցնելով  Վատիկանի հետ:  Asia Times-ին  Հռոմի Պապի տված հարցազրույցի առնչությամբ  Սուրբ Գահի  պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել էր, որ երկկողմանի խնդիրների վերաբերյալ  Վատիկանի և Չինաստանի  ներկայացուցիչների միջև շարունակվում են բանակցությունները: