<<Le  Monde>>թերթի համաձայն`Ֆրանսիայի  պաշտպանության նախարարությունը  փորձում է Վատիկանին համոզել  հետաձգել կամ ընդհանրապես  չեղյալ հայտարարել  Հռոմի Պապի այցը Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն(ԿԱՀ), որը նախատեսված է  նոյեմբերի 29-30-ին: << Մենք անվտանգության պապական ծառայությանը տեղեկացրել ենք, որ  Կենտրոնական- Աֆրիկյան Հանրապետություն այցը մեծ ռիսկի հետ է կապված>>-հայտարարել  են նախարարության  բարձրաստիճան պաշտոնյաները: Նշենք, որ Պապի այցը տեղի է ունենալու   աֆրիկյան այդ երկրում  կայանալիք ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: ԿԱՀ-ում չեն դադարել զինված բախումները  իսլամական <<Սելեկա>> և քրիստոնեական աշխարհազորային <<Անտի բալակա>> խմբավորումների միջև: Ֆրանսիացի ռազմական փորձագետների կարծիքով  ընտրությունների նախօրեին  բախումները  մի նոր թափ կստանան: Ներկայումս այդ երկրում գտնվում են ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր, այդ թվում նաև ֆրանսիացի 900 զինվորներ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կարծիքով  Պապի այցի պատճառով ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգի  կգան հազարավոր քրիստոնյաներ նաև հարևան երկրներից, ինչը կարող է  անկայունացնել առանց այդ էլ լարված իրավիճակը: Պաշտպանության նախարարությունը պարզորոշ հասկացրել էր, որ  ֆրանսիական կոնտինգենտը չի կարող  երաշխավորել  Պապի անվտանգությունը: Ֆրանսիացի զինվորները  կարգ ու կանոն են պահպանում մայրաքաղաքում և օդանավակայանում: <<Դրանից ավելի մենք ոչինչ չենք կարող անել>>- հայտարարել են ֆրանսիացի բարձրաստիճան սպաները: Սակայն Ֆրանցիսկ I-ը  մտադիր չի հրաժարվել  այցելությունից: <<Պապը վճռական մարդ է>>-գրել է թերթը: