Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում  կայացել է  էկումենիկ ավանդական աղոթքը, որին մասնակցում են Վրաստանի  4 քրիստոնեական հարանվանություններ` Հայ առաքելական եկեղեցին,  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին, Ավետարանական -լյութերական եկեղեցին  և Ավետարանական- բապտիստական եկեղեցին: Յուրաքանչյուր տարի  աղոթքը  անցկացվում է այդ  եկեղեցիներից մեկի առաջնորդությամբ: Այս տարի աղոթքը առաջնորդել էին  կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես էր եկել Հարավային Կովկասում Կաթոլիկ եկեղեցու  ներկայացուցիչ, եպիսկոպոս Ջուզեպե  Պազոտոն: Աղոթել էին  աշխարհում արյունահեղության և ահաբեկչության դադարի, քաղաքական լարվածության վերացման և խաղաղության հաստատման համար: Աղոթքին մասնակցել  էին Վրաստանի Ավետարանական-լյութերական եկեղեցու  եպիսկոպոս Հանս Յոահիմ Կիդերլենը, Ավետարանական –բապտիստական եկեղեցու  առաջնորդ Մերաբ Գափրինդաշվիլին և տարբեր ազգությունների բազմաթիվ քրիստոնյաներ: Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրել էր   Վրաստանում   առաքելական թեմի առաջնորդ , եպիսկոպոս Վազգեն  Միրզախանյանը: Նրան ուղեկցել էր Էջմիածնի քահանա  Նարեկ Քուշչյանը: