Դանիայում ապաստան խնդրող  մեծ թվով  մուսուլման փախստականներ  քրիստոնեություն են ընդունում: Նրանք կանոնավոր   այցելում են լյութերական  եկեղեցիները:  Փախստական քրիստոնյաներին օգնություն տրամադրող  կազմակերպության  տվյալներով անցյալ տարվա դեկտեմբերից մինչև օրս առնվազն  100  իրանցի փախստական  մկրտվել է , իսկ 300-ը մկրտությանը նախապատրաստվելու դասընթացներ են անցնում: Կարծիքներ կան, որ  մեծ թվով մուսուլմանների  քրիստոնեություն ընդունելու ցանկությունը բացատրվում է  այն փաստով, որ  փախստականների հարցերով  հանձնաժողովը  ուսումնասիրելով նախկինում 55 մուսուլմանի ապաստան տրամադրելու մերժման   դեպքերը,  արդյունքում  թույլատրել էր երկրում մնալ քրիստոնեություն ընդունած  42 փախստականի: Այդ մարդիկ վախենում են, որ Դանիայից  արտաքսվելու դեպքում իրենց երկրներում  հալածանքների  կենթարկվեն: Մուսուլմանների շրջանում քրիստոնեություն ընդունելու  նման ալիքը  անհանգստացնում է Դանիայի եկեղեցու և  կրթության հարցերով նախարար  Բերտել Հարդերին: Նա դիմել է հոգևորականներին`  խնդրելով դադարեցնել մկրտությունը մինչև ապաստան ստանալու դիմումների քննարկումը: Սակայն հոգևորականները այլ կարծիքի են : Հովիվ Անդրեաս Ռասմուսենը  հավատացնում է, որ  քրիստոնեություն ընդունել ցանկացողների մեծ մասը անկեղծ է: Նրանք կանոնավոր հաճախում  են եկեղեցի, ակտիվորեն մասնակցում են մկրտության նախապատրաստության դասընթացներին: <<Քրիստոնեության  ընդունումը   չի երաշխավորում, որ այդ մարդիկ  ապաստան կստանան>>-հայտարարել էր հովիվը: