Քրիստոնյաները ամենաշատն   են ենթարկվում հարձակումների բռնությունների և հալածանքների ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել էր  Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր  միջկրոնական երկխոսությանը և քրիստոնյաների վիճակին: << Չնայած հալածանքներն ու բռնությունները  կատարվում են Եվրոպայի սահմաններից դուրս, սակայն Եվրամիությունը չի կարող անտեսել այդ  ամենը>>-ասել էր Եվրախորհրդարանի նախագահը: Նա Եվրամիությանը կոչ էր արել ավելի ակտիվորեն   պաշտպանել  հալածվող քրիստոնյաներին: Վերջերս Open Doors կազմակերպության հրապարակած զեկույցում  նշված է, որ ամենադաժան հալածանքների են ենթարկվում Սիրիայի, Իրաքի, Պակիստանի, Հյուսիսային Կորեայի և Նիգերիայի քրիստոնյաները: Վերջին երեք տարիների ընթացքում Սիրիայից փախել է   ավելի քան 700 հազար քրիստոնյա, 2003 թվականից մինչ օրս Իրաքից   հեռացել է քրիստոնյաների 70%-ը: Մեկ տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում  հավատքի համար սպանվել են  4344 քրիստոնյաներ:  Հյուսիսային Կորեայի բանտերում են գտնվում մոտ 70 հազար քրիստոնյաներ: Այդ երկրներում քրիստոնեության հակառակորդները  հայտարարում են, որ  քրիստոնյաները անկոչ հյուրեր են:  Կոնֆերանսում ունեցած իր ելույթում Բրյուսելի  եպիսկոպոս Ժան Կոկերոլսը հայտարարել էր, որ իրականում Մերձավոր Արևելքում,  Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և դրանց հարևան երկրների տարածքներում քրիստոնեության ներկայությունը հարյուրավոր տարիներ ավելի առաջ  է եղել մուսուլմանությունից:  Եպիսկոպոսը  Եվրոպայի երկրների առաջնորդներին կոչ էր արել գործուն միջոցներ ձեռք առնել քրիստոնյաներին հալածանքներից պաշտպանելու համար: