Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վրաստանի Կաթողիկոս –Պատրիարք Իլիա II-ը Սուրբ Երրորդության տաճարում կատարած քարոզի ժամանակ դիմել էր երկրի իշխանություններին` խնդրելով վերանայել ցմահ բանտարկության հոդվածը: <<Ազատազրկման վայրերում պահվում են ցմահ բանտարկված անձինք: Նրանք ոչ մի հույս չունեն, որ երբևիցե կվերադառնան հասարակություն, ընտանիքի մոտ: Ցմահ բանտարկությունը ծանրագույն պատիժ է: Կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է ի նկատի ունենա, որ նյութական աշխարհում անժամկետ ոչինչ չկա, հավիտենական է միայն Աստված: Եթե բանտարկյալը ցանկանում է ուղղվել, աշխատում է և բարի վարք ցուցադրում, ապա կարելի է փոխել ցմահ բանտարկության դատավճիռը, որպեսզի այդ մարդկանց ազատության դուրս գալու հույս տրվի: Կարծում եմ պետք է գթասրտություն ցուցաբերենք: Ես հանդիպել եմ ցմահ բանտարկվածների հետ, նրանք աղոթում են, աշխատում, սրբապատկերներ նկարում: Հուսով եմ, որ մեր խորհրդարանը, մեր իշխանությունները ուշադրություն կդարձնեն այդ մարդկանց >>-ասել էր Պատրիարքը: