Romfea կայքի տեղեկացմամբ`Թուրքիայի կառավարության ծրագրի համաձայն Ստամբուլում քանդելու են ուղղափառ պատմական երկու տաճարներ: Սուրբ Գևորգի և Համբարձման տաճարները գտնվում են Ստամբուլի Բակիրքոյ թաղամասում, որտեղ կառավարության որոշմամբ պետք է խոշոր ավտոկայանատեղի կառուցվի: Կառավարության ծրագրի համաձայն ապամոնտաժելու են նաև դարբինների և ձկնավաճառների նախկին շուկան, ինչը ամբողջովին կփոխի թաղամասի տեսքը, որը դեռևս պահպանում է Բյուզանդիայի հին մայրաքաղաք Կոստանդնուպոլսին բնորոշ գծերը: Բակիրքոյ թաղամասը վերակառուցելու կառավարական որոշումը առաջացրել է տեղի իշխանությունների բողոքը: Քաղաքագլուխ Բյուլենտ Քերիմօղլին հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պահպանի թաղամասի պատմական տեսքը: Թուրքական կառավարության այդ որոշմանը դեմ են դուրս եկել Ստամբուլի տարբեր արհմիություններ, նկարիչների, ճարտարապետների, գրողների և երաժիշտների ստեղծագործական միություններ: Հունական Romfea գործակալությունը զայրույթով նշել է, որ տաճարները քանդելու որոշման առնչությամբ Հունաստանը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել: Գործակալության համաձայն Ստամբուլում բյուզանդական այդ տաճարները ոչնչացնում են այն ժամանակ, երբ Աթենքում պատրաստվում են մզկիթ կառուցել: