Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն ԱՄՆ-ին մեղադրել է <<Իսլամական պետություն>> կոչվող հրեշին ստեղծելու համար: Այս մասին արքեպիսկոպոսը հայտարարել է << Fides>> գործակալությանը տված հարցազրույցում: Նա մեկնաբանել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի <<Իսլամական պետություն>> խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ: Արքեպիսկոպոսի կարծիքով այդ հայտարարությունը չի կարող նվազեցնել իսլամական այդ հրեշին ստեղծելու գործում ԱՄՆ-ի ունեցած դերը, իսկ իսլամիստների հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելով` ամերիկյան վարչակազմը իրականացնում է իր աշխարհաքաղաքական ծրագրերը, որոնք ուղղված են սեփական շահերի բավարարմանը: Արքեպիսկոպոսը նշել էր, որ այդ հայտարարությամբ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Մերձավոր Արևելքում վերականգնել իր վարկը, Ռուսաստանի ավելի ու ավելի մեծացող հեղինակության ֆոնին: Ժակ Բենիան Հինդոն շեշտել էր նաև, որ միայն քրիստոնյաները չեն , որ ենթարկվում են բռնությունների իսլամիստ գրոհայինների կողմից: << Նրանք սպանում են շիաներին, ալավիտներին, նույնիսկ սունի մուսուլմաններին, ովքեր չեն ցանկանում ենթարկվել նրանց: Պատերազմի 5 տարիների ընթացքում սպանվել է ավելի քան 200 հազար մարդ և սպանված քրիստոնյաները այդ զոհերի շատ փոքր մասն են կազմում>>-ասել էր կաթոլիկ արքեպիսկոպոսը: