Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Ռուս եկեղեցու առջև խնդիր է դրել ակտիվորեն մասնակցել ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հասարակությանը ադապտացվելու գործում: Ելույթ ունենալով Բարձրագույն եկեղեցական խորհրդի նիստում Պատրիարքը հայտարարել էր.<< Հայտնի է, թե ինչպիսի օտարացմամբ է հասարակությունը դիմավորում կալանավայրերից վերադարձած մարդկանց: Եկեղեցին պետք է օգնի նրանց: Նախկին կալանավորների սոցիալական վերականգման աշխատանքները պետք է կատարվեն թեմական և համայնքային մակարդակներում>>: Պատրիարք Կիրիլը Սինոդի բանտերի ծառայության բաժնին կարգադրել է այդ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար ծրագիր մշակել հոգևորականության և հավատացյալների համար: Ռուս եկեղեցու առաջնորդը նշել էր, որ եկեղեցում արդեն ստեղծվել է բանտարկյալների նկատմամբ հովվական հոգատարության ծառայություն, ազատազրկման բազմաթիվ վայրերում բացվել են մատուռներ, աղոթքի սենյակներ և դրանց թիվը մեծանում է: << Մենք պետք է պարզորոշ գիտակցենք, որ բանտարկյալները մեր համայնքն են, նրանք վտարանդիներ չեն: Նրանք եկեղեցուց հեռացված չեն: Նրանք ժամանակավորապես հեռացվել են հասարակությունից, սակայն եկեղեցուց նրանց չեն հեռացրել>>-շեշտել էր Պատրիարք Կիրիլը: