Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Լահորում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին: <<Մեծ ցավով լսեցինք Լահորում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության լուրը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ: Խնդրում եմ մխիթարության և աջակցության խոսքեր փոխանցել բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, ցանկանում եմ շուտափույթ ապաքինում վիրավորներին, իսկ Պակիստանի ժողովրդին մաղթում եմ արիություն` հաղթահարելու այդ փորձությունը: Կարեկցում ենք քրիստոնյա համայնքներին, որոնց անդամները զոհվեցին այն օրը, երբ աշխարհի քրիստոնյաները տոնում էին Սուրբ Հարությունը: Խնդրում եմ միջոցներ ձեռք առնել, որպեսզի երկրի բնակչությունը, այդ թվում քրիստոնյաները պաշտպանված լինեն կյանքի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից և պահպանվի յուրաքանչյուր մարդու հավատքի ազատության իրավունքը >>-ասել էր Պատրիարքը: Մարտի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքի զբոսայգու մուտքի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել:Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է Պակիստանի Թալիբան շարժման մասնճյուղը համարվող <<Ջամաաթ ուլ Ահրար>> խմբավորումը: