Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հնարավոր է հաջորդ տարի այցելի Հայաստան: Այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել էր Վատիկանի Արևելյան եկեղեցիների հարցերով կոնգրեգացիայի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին Հայաստան կատարած այցի ժամանակ: Նշենք, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկան կատարած պաշտոնական այցի ժամանակ Պապին հրավիրել էր այցելել Հայաստան: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ֆրանցիսկ I-ը ընդունել էր հրավերը` ասելով, որ Հայաստան այցելելը իր սրտի ցանկությունն է: Կարդինալ Սանդրին Հայաստան էր ժամանել այս տարվա սեպտեմբերի 24-ին, հաջորդ օրը Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Գրիգոր Պետրոս XX -ի հետ միասին առաջնորդել էր Գյումիրում Սուրբ Նահատակներ եկեղեցու օծման արարողությունը, իսկ սեպտեմբերի 27-ին մասնակցել էր սուրբ մեռոնի օրհնության արարողությանը Էջմիածնում: Ռուսական լրատվամիջոցների համաձայն Ֆրանցիսկ I-ը ցանկություն է հայտնել այցելել նաև Չինաստան: << Ես շատ կցանկանայի Չինաստան գնալ: Սիրում եմ չին ժողովրդին և բարին եմ ցանկանում : Չինաստանի հետ լավ հարաբերությունների հույս ունեմ: Մենք կապ ենք պահպանում: Անհրաժշտ է առաջ գնալ>>- ասել էր Պապը Ֆիլադելֆիայից Հռոմ վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնենք, որ Չինաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարել են 1951 թվականին: Ներկայումս Չինաստանում փաստացի գործում են կաթոլիկ երկու եկեղեցիներ, որոնցից մեկի եպիսկոպոսներին նշանակում են չինական իշխանությունները առանց Վատիկանի հետ համաձայնեցնելու: Այս եկեղեցին ունի մոտ 4 միլիոն անդամ: