Պակիստանի կրթական համակարգը դասագրքերը օգտագործում է բացահայտ թշնամանք սերմանելու բոլոր կրոնների հանդեպ, բացի սունի իսլամից: Սուրբ Հարության տոնի օրը Լահորում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը հերթական անգամ զանգվածային լրատվամիջոցների և վերլուծաբանների ուշադրությունը հրավիրեց այն պատճառների վրա, որոնք առաջացրել են միջկրոնական լարվածությունը պակիստանյան հասարակությունում: Վերլուծաբանների կարծիքով դասագրքերում քարոզվող այդ թշնամանքը արմատական հայացքներ է սերմանում դպրոցական հասակից սկսած: Աշխարհիկ մասնագետները հայտարարում են, որ դասագրքերի տեքստերը ձևավորում են կայուն բացասական հայացքներ այլ կրոնների, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը կապված է Արևմուտքի հետ: Նման քաղաքականություն է վարվում սկսած տարրական դասարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մասնավորապես դասագրքերում գրված է, որ քրիստոնյաները, հրեաները, հինդուիստները և նույնիսկ շիա մուսուլմանները սոցիալական ստորին խավ են և արժանի չեն հարգանքի: Եվ դա հիմնավորում են խաչակրաց արշավանքներով, բրիտանական գաղութային ռեժիմով և այլն: Պակիստանի վերլուծաբանության և անվտանգության կենտրոնի տվյալներով պետական դպրոցներ են հաճախում աշակերտների 70%-ը, իսկ ուսումնական ծրագրերը հաստատում է կառավարությունը: Դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ խոստովանում են, որ դասագրքերի տեքստերը ատելություն և ֆանատիզմ են առաջացնում անչափահասների շրջանում: