Մշտապես տրվող հարց: Նրանց օգնում էր միշտ և ամեն ինչում սատանան, խավարի իշխանը, մարմնացած չարը: Որտե՞ղ էր Աստված, երբ կատարվեց Հոլոքոստը, Հիրոսիմը, Չերնոբիլը և այլ աղետալի իրադարձություններ…

Այնտեղ, որտեղ Նա միշտ լինում է: Նա երկնքում էր, բայց ապաշխարության դեպքում՝ կարող էր մտնել յուրաքանչյուր մարդու սրտի մեջ: Բոլոր ժամանակներում մարդկանց մեծամասնությունը դա չի ցանկացել, ահա թե ինչու չի ապաշխարել ու արդյունքում մնացել է առանց Աստծո:

Իսկ սատանան չի սպասում մարդու որոշմանը, ինչպես Աստված է դա անում: Աստված մարդուն տալիս է ընտրության իրավունք: Իսկ սատանան գողի պես սողոսկում է նրա սրտի ու գիտակցության մեջ: Եվ կեղծ էյֆորիայից հետո, որը սատանան ստեղծում է մարդու մեջ, վերջինս դառնում է սատանայի գործիք:

Մարդը, այդպիսին դառնալով, սպանում է, այրում, պայթեցնում, ստում և անգամ կեղծ արցունք թափում: Այդ պատճառով սպանվում են միլիոնները, և «հարություն կառնե՞ն արդյոք ոսկորներն այդ»՝ գիտի միայն Արարիչը:

Աստված այդ ամենը թույլ էր տալիս, որովհետև կատարում էր Իր՝ Աստվածային օրենքը. Եդեմի պարտեզից մարդու արտաքսումից հետո Աստված այլևս չէր խառնվում մարդու որոշումների մեջ: Իսկ սատանան եղել է անօրեն և կա, նա խախտում էր ու խախտում է Աստվածային և մարդկային օրենքներն ու դարձնում մարդուն իր ստրուկը, չարի կրողն ու Աստծո թշնամին:

Մարդիկ ընտրեցին ազատությունն առանց դրախտի: Եվ դա դարձավ համաշխարհային համակենտրոնացում, որտեղ բանտարկված են մարդկային հոգիները: Իսկ ո՞վ է ճամբարի պարետը. իհարկե՛, փորձիչն ու մարդասպանը, Աստծո ու սիրո թշնամին՝ սատանան:

Դրախտից արտաքսվելուց հետո մենք ինքներս ենք պատասխանատու մեր որոշումների համար: Սակայն հաճախ, ինչպես մենք արդեն գիտենք, այդ որոշումները մերը չեն, այլ սատանայի որոշումներն են, որոնք մեզ են թելադրվում:

Այո՛, աշխարհում շատ չարագործություններ են կատարվում՝ առանց համայն աշխարհի համաձայնության: Բայց, այնուամենայնիվ, մենք միասին ենք պատասխանատու բոլոր չարագործությունների համար այս աշխարհում: Ինչո՞ւ: Որովհետև եթե մենք ոչինչ չենք անում այդ չարագործությունը կանխելու համար, ապա դառնում ենք դրա մասնակիցը: Որովհետև մենք մեկ երկրային ընտանիքի անդամ ենք: Որովհետև երբ մենք շրջվում ենք Աստծուց, մենք դառնում ենք դեպի սատանան:

Նայե՛ք, թե ինչ վիճակի է մարդը հասցրել երկիրը: Մենք այն այլայլել ենք, վարակել…

Մենք մեր քաղաքակրթության վերջնակետի սկզբի հարթակին ենք կանգնած, միայն թե ֆինիշային այդ ժապավենի փոխարեն սպասվում է սարսափելի մի անդունդ, որտեղ կհայտնվի Աստծուն անհնազանդ ողջ զանգվածը՝ սատանայի բոլոր ինքնահավան ստրուկները: Հույս ունեմ միայն մեկ բանի, որ այնտեղ՝ անդունդից առաջ, կործանվող մարդկությանը տեսնելով՝ Աստված դուրս կգա և Իր սիրո ու գթության համեմատ մեկ անգամ ևս հնարավորություն կտա փրկությունն ընտրելու:

Մենք նույնպես գիտենք, որ սատանայի ծառաների կողքին միշտ եղել են արդարներ: Արդարները առանձին կրոնի չեն պատկանում, արդարները կարող են մտնել տարբեր տաճարներ, բայց ծառայել մեկ Աստծո: Եվ օրհասական ժամին նրանք մենակ չեն լինի, կլինեն Աստծո կողքին և Աստծո հետ:

Միխայիլ Մորգուլիս  

Աղբյուր՝ Crossnews.am