Եթե մարդ ցանկանում է կայուն եւ հաջողակ լինել կյանքում, ապա պետք է ունենա սյուներ, որոնց վրա կկարողանա հենվել: Ես տեսնում եմ չորս բան, որոնք որպես սյուն պետք է ներկա լինեն յուրաքանչյուր մարդու կյանքում:
1. Ընտանիք: Անկախ նրանից` մարդ ամուսնացած է, թե ոչ, նա ունի ընտանիք, օջախ, որը պետք է սյուն հանդիսանա նրա անձի համար: Ընտանիքն այն վայրն է, որտեղ ձեւավորվում է մարդու անհատականությունը, բնավորությունը, որտեղ նա սովորում է վստահել մարդկանց եւ հոգ տանել մտերիմների համար, որտեղ նա կարող է գտնել մխիթարություն, սեր, հանգստություն եւ հոգածություն: Ընտանիքը մարդուն տալիս է ապահովություն եւ պաշտպանվածություն: Ուրիշ ոչ մի տեղ մարդը չի կարող գտնել այն, ինչ տալիս է իրեն ընտանիքը: Ուստի պետք է նկատենք այս ամենը եւ արժանի վերաբերմունք դրսեւորենք մեր ընտանիքների հանդեպ:
2. Եկեղեցի: Եկեղեցին նույնպես շատ կարեւոր սյուն է: Այստեղ է, որ մարդ ճանաչում է Աստծուն, գալիս է ճշմարտության գիտությանը, փոխվում է նրա կյանքը, արժեհամակարգը, Տիրոջ կամքն ու խորհուրդները սկսում են հայտնվել եւ իրականանալ նրա կյանքում: Եկեղեցին Աստծո ծածկոցն է, որի տակ բնակվողն Ամենակարողի շուքի տակ է հանգստանում:
3. Աշխատանք: Չգիտեմ` ով ինչպես, բայց ես աշխատանքին վերաբերվում եմ որպես կյանքի սյունի: Աշխատանքը միայն ֆինանս վաստակելու միջոց չէ, այլ` ինքնառեալիզացման հիանալի հնարավորություն: Աշխատանքի մեջ հղկվում է մարդու միտքը, զարգանում են կարողություններն ու ունակությունները, մարդը սովորում է ճիշտ փոխհարաբերվել ուրիշների հետ եւ ինքնադրսեւորման շնորհիվ ստանում է ներքին մեծ բավականություն: Չաշխատող մարդու կյանքում այդ կարեւոր սյունը բացակայում է:
4. Անձնական աճ: Անձնական աճը նույնպես սյուն է, եւ մարդը պետք է մեծ ջանք գործադրի իր կարողությունները զարգացնելու, մասնագիտության մեջ հմտանալու, նոր բաներ սովորելու համար: Ես գիտեմ մարդկանց, ովքեր ապրում են ինտերնետում, բայց ոչ մի զարգացում չեն ստանում, որովհետեւ դատարկ բաների վրա են վատնում իրենց ժամանակը: Մինչդեռ ինտերնետի շնորհիվ մարդուն կարող են հասանելի դառնալ ամենատարբեր բնագավառների բազում օգտակար նյութեր եւ գրականություն:
Արթուր Սիմոնյան