Հորդանանի արևմնտյան ափին գտնվող իսրայելական Արիել քաղաքի համալսարանի աշխատակիցները պրոֆեսոր Էլյաշիվ Դրորիի ղեկավարությամբ փորձում են ստանալ Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանի գինի: Այս մասին տեղեկացնում են իսրայելյան լրատվամիջոցները: Գիտաշխատողները օգտագործում են հրեական հինավուրց տաճարների ավերակներում գտնված խաղողի սերմերը և գինիներ պահելու կավե անոթների բեկորները: Բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում հաջողվել է հայտնաբերել երկու հազար տարի առաջ Իսրայելում աճած խաղողի 120 տեսակ: Դրանցից 20-ը պիտանի են ներկայումս գինի արտադրելու համար: Գիտնականները հուսով են, որ մի քանի հազար տարվա վաղեմություն ունեցող խաղողի կորիզներից ստացված գենետիկ նյութը հնարավոր կլինի փոխանցել տեղի խաղողի մի քանի տեսակներին և արդյունքում ստանալ այն խաղողը , որը Իսրայելում աճել էր ավելի քան երկու հազար տարի առաջ:Իսրայելցի հետազոտողները արդեն որոշակի հաջողություններ են գրանցել: 2014թվականին 2480 շիշ գինի էին արտադրել մարավի տեսակի խաղողից: Խաղողի այդ տեսակը անհետացած էր համարվում, սակայն հնագետների և խաղողագետների ջանքերով հնարավոր եղավ այն վերականգնել: Գրավոր աղբյուրների համաձայն մարավի տեսակի խաղողը Իսրայելում աճել է մեր թվարկության մոտ 220թվականին: Իսկ Հիսուսի ժամանակաշրջանի գինի փորձում են ստանալ խաղողի հինավուրց 30 տեսակներից: Առավել հավանական թեկնածուն դաբուկի տեսակի հինավուրց խաղողն է: