AgionOros գործակալության տեղեկացմամբ` Հունաստանի Սուրբ Աֆոն թերակղզու բոլոր վանքերի ներկայացուցիչները դեմ են հանդես եկել միասեռ ամուսնությունները օրինականացնելու կառավարության ծրագրին: Խորհրդարանի պատգամավորներին ուղղված կոչում հոգևորականները խնդրել են հետաձգել այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը: Ուղերձում հույն հոգևորականները մտահոգություն են հայտնել ուղղափառության և հույն մշակույթի արժեքներից օրենսդրորեն հեռանալու կապակցությամբ: << Որպես ուղղափառ քրիստոնյաներ, մենք հարգում ենք յուրաքանչյուր մարդու ընտրությունը` լինել Եկեղեցում թե հեռանալ: Սակայն ոչ ոք իրավունք չունի խլել Աստծուց տրված մարդու ազատության պարգևը: Միասեռ ամուսնությունների հավասարեցումը ավանդական ամուսնություններին` դրանից բխող իրավական և սոցիալական բոլոր հետևանքներով, հակասում է մեր ժողովրդի արժեքներին: Դա սադրանք և մարտահրավեր է հույն ժողովրդին>>-ասված է հոգևորականների ուղերձում: