Ապրիլի 24-ին համայն հայությունը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միլիոնավոր հայեր Հայաստանում և սփյուռքում գլուխ կխոնարհեն մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջև: Հազարամյակների դժվարին ճանապարհ անցած և մարդկային քաղաքակրթությունը հարստացրած հայ ժողովրդի կյանքում օրհասական ժամանակաշրջանը վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալեցին 600 հայ մտավորականների: Անցել են տարիներ, մեկ հարյուրամյակից ավելի: Սակայն հայ ժողովուրդը անմեղ զոհերի հիշատակը պահում է ամենայն սրբությամբ: Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործություն է, որը թուրք ջարդարարների կողմից իրագործվեց հրեշավոր, անմարդկային դաժանությամբ: Արևմտյան Հայաստանը ներկվեց հայերի արյունով: Գրեթե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքները, տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը իրականացվեց աշխարհի հանցավոր անտարբերության պայմաններում: Բայց հայատյացությունից կուրացած թուրքական կառավարությունը հաշվի չէր առել մի բան` որ ժողովուրդը անմահ է, որ հնարավոր չէ ոչնչացնել հայի տեսակը` իր հավատքով, ազատասիրությամբ, ստեղծագործ ոգով և կենսասիրությամբ: Չնայած բազմաթիվ զոհերին հայ ժողովուրդը վերապրեց ու կանգուն մնաց: Ավելին` հայ ժողովուրդը դիմադրեց: Այդ տարիներին գրվեցին հայ ազգային- ազատագրական հերոսական պայքարի փայլուն էջերը, յուրաքանչյուր հայի համար թանկ ու նվիրական են հայ հերոսների անունները, ովքեր իրենց կյանքը տվեցին ժողովրդի փրկության համար: Մեկ դար է անցել, սակայն հայ ժողովրդի պահանջատիրությունը չի բավարարվել: Հայոց Մեծ եղեռնը դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել, հանցագործ Թուրքիան չի կանգնել մարդկության և պատմության դատաստանի առջև և շարունակում է ուրանալ կատարած ոճրագործությունը: Որքան էլ փորձեն թաքցնել այդ հրեշավոր հանցագործությունը, միևնույն է զոհերի ճիչը երկինք է հասել: Չէ որ մարդկային դատաստանից բացի կա նաև Ամենակարող Աստծո դատաստանը: Հայը ուրիշինը չի խլել երբեք, հայը ստեղծագործել է, սեփական քրտինքով ոռոգել հողը, վանքեր կառուցել, խաչքարեր ստեղծել, հայը աղոթել է, հայ մայրը աղոթքներով և հայրենասիրական երգերով է սնուցել իր մանկանը, հայը եթե զենք է վերցրել, ապա պաշտպանելու համար իր կյանքը, ընտանիքը, հավատքը, արժանապատվությունը: Հայը պահանջատեր կմնա, քանի դեռ չի պատժվել հանցագործը և ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել Հայոց եղեռնը: