Vatican Radio-ի համաձայն`մայր Թերեզայի հիմնադրած գթասրտության միաբանության միանձնուհիները շարունակելու են իրենց առաքելությունը Եմենում, նրանք շարունակելու են ծառայել կարիքավորներին և աղքատներին:<< Մայր Թերեզան մնում էր ամենամոռացված վայրերում, անկախ տիրող իրավիճակից>>-ասել էին միաբանության անդամները: Տեղեկացնենք, որ մարտի 4-ին Եմենի Ադեն քաղաքում գրոհայինները հարձակվել էին միաբանության վանքի վրա, սպանել 4 միանձնուհիների և 12 աշխատակիցների: Ցավակցական իր հեռագրում Հռոմի Պապը խիստ դատապարտել էր այդ դաժան հանցագործությունը`անվանելով << անիմաստ և դիվային բռնություն>>: Սպանված միանձնուհիներից երկուսը Ռուանդայից էին, իսկ մյուս երկուսը Քենիայից և Հնդկաստանից: Ողջ է մնացել վանամայրը: Հաջողվել է մահից խուսափել նաև վանքին կից օթևանում բնակվող ծերերին և անդամալույծներին: Հանցագործները գերևարել են հնդիկ քահանա Թոմ Ուժունհալիլին, ով հարձակման ժամանակ աղոթել էր մատուռում: Նրա ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չի: Քահանան բնակվում էր այդ վանքում այն բանից հետո, երբ նրա Ադենում գտնվող եկեղեցին թալանել և ավերել էին զինված հանցագործները: Fides գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ եպիսկոպոս Բալլանը կոչ էր արել այդ դաժան հանցագործության համար չմեղադրել իսլմական կրոնը: << Ճշմարիտ ոչ մի մուսուլման չի ընդունում հանուն Աստծո կատարվող սպանությունների հրեշավոր գաղափարը>>-ասել էր եպիսկոպոսը: Իսկ ով կարող էր կատարել այդ ոճրագործությունը հարցին եպիսկոպոս Բալլանը պատասխանել էր.<<Շատերն են այդ հարցը տալիս: Հավանական է, որ մարդասպանները քրիստոնեության թշնամիներ են, ովքեր չեն ցանկանում գթասրտության քույրերի ներկայությունը երկրում: Եմենի իշխանությունները ոչ մի արգելք չեն ստեղծում միաբանությանը, նույնիսկ ապստամբ իսլամիստները ոչ մի խնդիր չեն ունեցել միաբանության հետ: Հնարավոր է գոյություն ունեն խմբեր, որոնք չեն ցանկանում երկրում տեսնել քահանաների և միանձնուհիների գործունեությունը>>: Նշենք, որ այդ հանցագործության պատասխանատվությունը չեն վերցրել ոչ Ալ Քաիդան, ոչ էլ իսլամական մյուս խմբավորումները, որոնք ներկայումս գործում են Եմենում: