<<Fides>> գործակալության համաձայն` Թուրքիայի հարավում գտնվող Դիարբեքիր քաղաքում քրիստոնեական հիմնադրամը և ավետարանական համայնքը դատարան են դիմել` պահանջելով վերադարձնել իշխանությունների կողմից բռնագրավված եկեղեցիները: Այս տարվա մարտի վերջին, երբ Դիարբեքիրում զինված բախումներ էին տեղի ունենում թուրքական բանակի և քրդական զինված կազմավորումների միջև, Թուրքիայի իշխանությունների հրամանով փակվել էին քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր տաճարները: Դա հիմնավորել էին այն հանգամանքով, որ քուրդ ապստամբները տաճարները կարող են օգտագործել իրենց նպատակների համար և զինված բախումների ժամանակ տաճարները կարող են վնասվել: Փակված տաճարների թվում են սուրբ Կիրակոսի հայկական տաճարը, ասորիների Մարիամ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայ- կաթոլիկներին պատկանող տաճարը և բողոքականների աղոթքի տունը: Բացի եկեղեցիներից Թուրքիայի իշխանությունները բռնագրավել են 6 հազար բնակելի տներ Դիարբեքիրի պատմական շրջանում: