Հրեական աշխարհում սկսվել է հրեաների ամենասիրած տոներից մեկը` Խանուկան, որը թարգմանաբար նշանակում է լույսի տոն: Ութ օր տևող տոնը սկսվել է դեկտեմբերի 6-ի երեկոյան: Տոնի կապակցությամբ հրեաները աշխարհի տարբեր քաղաքներում վառում են ծիսական աշտանակի` մենորայի մոմերը: Այդ օրը երեկոյան Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարը Մոսկվայի Հեղափոխության հրապարակում վառել էր ութմոմանի ծիսական աշտանակի առաջին մոմը: << Խանուկայի լույսը դարեր շարունակ խորհրդանշել է հրեա ժողովրդի հոգևոր ուժը>>-ասել էր Բերլ Լազարը: Տոնը կապված է մ. թ.ա. 167 թվին հրեական ապստամբության հետ, երբ հրեաները Հուդա Մակաբեյացու առաջնորդությամբ ապստամբեցին սելևկյան արքա Անտիոք 4-րդի դեմ, ով արգելել էր դավանել հրեականությունը և ցանկանում էր Իսրայելում տարածել հելենական մշակույթը: Ապստամբությունը հաջողությամբ էր ավարտվել և Հուդա Մակաբեյացու գլխավորությամբ Երուսաղեմը ազատագրելուց հետո հրեաները սկսել էին վերականգնել պղծված և մասամբ ավերված Տաճարը: Տաճարի օծման օրը պետք է վառեին գլխավոր աշտանակը` մենորան, որի լույսը միշտ վառ էին պահում: Սակայն պարզվել էր, որ աշտանակի համար օգտագործվող անարատ յուղը քիչ է և կարող է բավականացնել մեկ օր: Իսկ նոր յուղի պատրաստման համար անհրաժեշտ էր ութ օր: Սակայն երբ վառել էին աշտանակի լույսը, ապա այն մեկ օրվա փոխարեն վառվել էր ութ օր, մինչև պատրաստել էին նոր յուղը: Հենց այս հրաշքին էլ նվիրված է Խանուկա տոնը: Տոնի ընթացքում մոմերը վառում են հետևյալ հերթականությամբ. առաջին օրը վառվում է մեկ մոմ, երկրորդ օրը` երկու և այսպես շարունակ, մինչև ութերորդ օրը, որոնք, իհարկե, ուղեկցվում են աղոթքով: Մոմերը վառում են տներում և սինագոգերում: Խանուկան ուրախության և երջանկության տոն է: Ավանդաբար երեխաներին նվիրում են խաղալիքներ կամ դրամ: Այդ օրերին հրեաները կազմակերպում են ճոխ հյուրասիրություններ, որոնք ուղեկցվում են երգերով, պարերով: Տոնին արգելված է ծոմ պահել: Խանուկայի ժամանակ պատրաստում են կաթնային`հատկապես պանրից կերակուրներ, ինչպես նաև կարտոֆիլե յուղաբլիթներ և ջեմով փքաբլիթներ: Խանուկայի հրաշքի մասին է հիշեցնում նաև կերակուրը ձեթով կամ յուղով պատրաստելը: