Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ`ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը խստորեն դատապարտում է Սիրիայում և Իրաքում << Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինների կողմից քրիստոնյաների և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների հալածանքները: Այդ փաստաթղթին կողմ են քվեարկել 383 կոնգրեսական, դեմ քվեարկող չի եղել: Բանաձևը կոչ է անում իսլամիստ գրոհայինների վայրագությունները ճանաչել որպես ռազմական,ինչպես նաև մարդկության դեմ կատարված հանցագործություններ և ցեղասպանություն: Փաստաթուղթը պատրաստել էին հանրապետական Ջեֆ Ֆորտենբերին և դեմոկրատ Աննա Էյշոն: Բանաձևին աջակցել էր նաև ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: << Իսլամական պետությունը>> ցեղասպանություն է իրականացնում: Իսլամիստ գրոհայինները զանգվածային դաժան սպանություններ են կատարում, գլխատում են, խաչում, կտտանքների ենթարկում, ստրկության տանում, բռնաբարում: Եվ այդ ամենը կատարվում է կրոնական փոքրամասնություններին ոչնչացնելու ծրագրի իրականացման նպատակով>>-հայտարարել էր Էդ Ռոյսը: