Տարիներ շարունակ Ռոդնի Սմիթը չգիտեր իր ծննդյան տարեթիվը:

Նա գնչուի զավակ էր, որևէ տեղեկություն իր ծննդյան մասին չուներ, իսկ ունենալու դեպքում չէր էլ կարող կարդալ:

«Իմ բարի հորաքույրն իր վրա վերցրեց այդ ծանր բեռը և ստիպեց մեկին ստուգել Ուոնստեդի եկեղեցու (Անգլիա) գրանցամատյանը: Հենց այստեղ էլ հայտնաբերվեց Ռոդնի Սմիթի ծննդյան և մկրտության ամսաթիվը՝ 1860թ-ի մարտի 31», – կարդում ենք Ռոդնիի գրառումներում:

Դեռ վաղ տարիքում նրա մայրը մահանում է: Այս իրադարձությունից նա խորապես տպավորվում է: Մահվանից օրեր առաջ փոքրիկ տղան տեսնում է, թե ինչպես է մայրն ընդունում Քրիստոսին: Նա ընդամենը մի քրիստոնեական երգ գիտեր, բառերն էլ կցկտուր էր հիշում: Սակայն Սուրբ Հոգու համար նրա ունեցած այդ փոքր գիտելիքը բավական էր, որպեսզի գործեր այդ կնոջ կյանքում: Նա մահանում է այդ երգը շուրթերին:

Անձամբ Ռոդնին չարաճճի տղա էր, ստախոս, գող, ավազակություններ էր անում, բացի այդ շատ ճարպիկ էր ու սրամիտ:

Ռոդնիի հայրը՝ Կոռնելիոսը, մորը խոստացել էր, որ կանի ամեն բան՝ իր ընտանիքին երջանիկ կյանք ապահովելու: Թեև նա շատ էր սիրում իր երեխաներին և հնարավորինս լավագույնն անում նրանց համար, սակայն դա բավարար չէր: Ընտանիքի անդամները գտնում էին, որ նա հետզհետե խենթանում է, նա խիստ ընկճված էր, սիրտը՝ վշտով ու ցավով լի:

Մի անգամ նա և իր եղբայրները լսում են Քրիստոսի մասին: Առաջին իսկ հավաքույթին նրանց կյանքը փոխվում է: Երեք եղբայրն էլ սկսում են քարոզել: Մի անգամ էլ, հայտնվելով գնչուների համար արգելված տարածքում, նրանց ձերբակալում են: Բանտում, սակայն, նրանք շարունակում են աղոթել ու փառաբանել, և բանտակիցներից շատերը դառնում են դեպի Հիսուս Տերը:

Ռոդնիի մեծ եղբայրներն ու քույրերը ևս արդեն փրկվել էին, իսկ ահա անձամբ Ռոդնին դեռևս հապաղում էր: Մի անգամ, այցելելով Բեդֆորդ (Անգլիա), նա տեսնում է Ջոն Բունյանի արձանը և որոշում կայացնում դառնալ այդպիսի մեծ մտածող. վերջինս «Ուխտագնացի առաջընթացը» գրքի հեղինակն էր:

Ժամանակներ անց նա սկսում է մտածել իր մոր մասին, ով այլևս երկնքում էր, Փրկչի իրական սիրո, հոր, քույրերի և եղբայրների երջանիկ կյանքի մասին և ասում ինքն իրեն. «Ռոդնի՛, դու դեռ շարունակելո՞ւ ես թափառաշրջիկ գնչուի քո կյանքը, թե՞ դառնալու ես քրիստոնյա և որդեգրելու ես կյանքի հստակ արժեքներ»:

Ամեն բան չափազանց պարզ էր: Այդուհետ նա բռնեցնում է իրեն հետևյալ խոսքերն արտասանելիս. «Աստծո լիառատ շնորհով ես քրիստոնյա կդառնամ և կհանդիպեմ սիրելի մորս երկնքում»: Այսպիսով Ռոդնին վերստին ծնունդ է ապրում՝ դեռևս նախքան իմանալն իր առաջին ծննդյան ամսաթիվը:

Կարճ ժամանակ անց նա եռանդուն ավետարանիչ է դառնում: 30 անգամ այցելում է Միացյալ Նահանգներ և երկու անգամ շուրջերկրյա քարոզարշավ ունենում: Հազարավորները լսում են նրան և ապաշխարում: Այսպես գնչու չարաճճի տղան դառնում է կոսմոպոլիտ՝ Քրիստոսի արքայությունում:

Աղբյուր՝ Crossnews.am