Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ֆինանսավորել է Թուրինի պատանը տեսնել ցանկացող 120 աղքատ և կարիքավոր մարդկանց ուղևորությունը: Հունիսի 21-ին Պապը ևս այցելելու է Թուրին`խոնարհվելու կաթոլիկ գլխավոր տաճարում ցուցադրվող բոլոր քրիստոնյաների համար կարևոր այդ սուրբ մասունքին: Վատիկանը հրապարակել է Պապի Թուրին կատարելիք երկօրյա այցի ծրագիրը: Նա աղոթելու է տաճարում, որտեղ ցուցադրվում է պատանը, ապա Սուրբ հաղորդության արարողություն է կատարելու գլխավոր հրապարակում, որից հետո ճաշելու է անչափահաս, գաղթական և անօթևան կալանավորների հետ: Ավելի ուշ կաթոլիկ թեմերից մեկում հանդիպելու է հիվանդների և անդամալույծների հետ: Նախատեսված է նաև Պապի այցելությունը Վալդենսյան ավետարանական եկեղեցի, որտեղ Ֆրանցիսկ I-ը կհանդիպի եկեղեցու հովիվների հետ: Ի դեպ սա առաջին անգամ է, որ Կաթոլիկ Հովվապետը այցելում է այս հարանվանության եկեղեցի: