Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` Սիրիայի հյուսիս արևելյան Ալ Հասաքա քաղաքում <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ ընթացող ռազմական գործողություններին քուրդ աշխարհազորայինների կազմում մասնակցում են ավելի քան 70 հայ կամավորներ: Հաղորդվում է, որ ներկայումս իսլամիստ գրոհայինները ծանր վիճակում են հայտնվել: Մոտ 1200 իսլամիստներ շրջապատված են քաղաքի մի քանի թաղամասերում: Նշենք, որ հուլիսի 19-ին Սիրիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին Ալ Հասաքա քաղաքի իսլամիստների կողմից գրավված թաղամասերը: Իսլամիստների հարձակման պատճառով քաղաքից հեռացած բնակիչները աստիճանաբար վերադառնում են: Իր հոգևոր սաների հետ միասին վերադարձել է նաև սիրիա -կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Խինդոն: Ալ Հասաքան Սիրիայի Ջազիրա նահանգի ամենամեծ քաղաքն է: Հունիսի վերջերին քաղաքի վրա հարձակվեցին իսլամիստ գրոհայինները և գրավեցին մի քանի թաղամասեր: Արդյունքում քաղաքից հեռացել էր գրեթե 120 հազար բնակիչ, այդ թվում տարբեր հարանվանությունների պատկանող 4 հազար քրիստոնյաներ: Քրիստոնյաների մեծ մասը ապաստանել է հարևանությամբ գտնվող Կամիշլի քաղաքում: