Սիրիական–կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ 3-րդ Յունանը քննադատել է Մերձավոր Արևելքում եվրոպական պետությունների քաղաքականությունը: <<Մերձավոր Արևելքում արևմտյան նմուշի դեմոկրատիա ստեղծելու փոխարեն եվրոպական երկրները պետք է կոնկրետ գործողություններ կատարեն հալածվող քրիստոնյաներին օգնելու համար: Ներկայումս Սիրիայում և Իրաքում ավելի քան 150 հազար քրիստոնյաներ փախստականի կարգավիճակում են և ապրում են շատ ծանր պայմաններում>>-ասել էր Պատրիարքը <<Վատիկանի ռադիոյին>> տված հարցազրույցի ժամանակ: Իսկ ավելի վաղ << Կաթոլիկ աշխարհի նորություններ>> գործակալությանը տված հարցազրույցում Պատրիարք Իգնատիոսը հայտարարել էր, որ Սիրիայի քրիստոնյաները հիասթափվել են Արևմուտքից և ցանկանում են հետագայում համագործակցել Մոսկվայի, Պեկինի և Դելիի հետ: Նա պատմել էր Սիրիայում տիրող իրավիճակի մասին և նշել, որ դա մերձավորարևելյան տարածաշրջանում Արևմուտքի և ԱՄՆ-ի վարած աշխարհաքաղաքական ռազմավարության արդյունքն է : << Դեմոկրատիայի զարգացման մասին խոսք լինել չի կարող, այդ ամենը կեղծիք է և սուտ: Նրանք ցանկանում են մասնատել Սիրիան և այդ շրջանի մյուս երկրները: Արևմուտքի քաղաքական գործիչները չեն ցանկանում լսել մեր նախազգուշացումները: Բռնարարքների աճը տանում է քաոսի, իսկ քաոսն էլ քաղաքացիական պատերազմի: Երկու տարի առաջ ԱՄՆ-ի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները մեզ չլսեցին: Ուստի ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը նրանց վրա է>>-ասել էր Պատրիարքը :