Մոսկվայի Պատրիարքությունը քննադատել է Շոտլանդիայի Երիցական եկեղեցու համասեռամոլներին ձեռնադրելու և Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցու միասեռ ամուսնությունները օրհնելու որոշումները: <<Ռուս Ուղղափառ եկեղեցին խոր հիասթափություն է ապրել Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների ընդունած որոշումներից, քանի որ դրանք անհամատեղելի են քրիստոնեական բարոյականության նորմերի հետ>>-ասված է Եկեղեցական արտաքին կապերի բաժնի տարածած հայտարարությունում: Քանի որ բողոքական համայնքների հետ հարաբերությունները կախված են աստվածաշնչյան բարոյականության նկատմամբ նրանց հավատարմությունից, ուստի Ռուս Ուղղափառ եկեղեցին այլևս հեռանկարներ չի տեսնում շարունակելու պաշտոնական հարաբերությունները Շոտլանդիայի Երիցական և Ֆրանսիայի Մ իացյալ բողոքական եկեղեցիների հետ: << Ցավով փաստում ենք, որ ներկայումս քրիստոնյա աշխարհը պառակտվում է ոչ միայն վարդապետական, այլ նաև բարոյական հարցերի շուրջ>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Ռուս եկեղեցին 2003 թվականին հարաբերությունները դադարեցրել էր ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու հետ, երբ այդ եկեղեցում եպիսկոպոս էին ձեռնադրել բացահայտ համասեռամոլի, իսկ 2005 թվականին հարաբերությունները խզել էր նաև Շվեդիայի եկեղեցու հետ միասեռ ամուսնությունները օրհնելու համար: