Մայիսի 15-ին Ռուսաստանի հրեաները առաջին անգամ նշել են կրոնական նոր տոնը, որը կոչվում է Ազատագրության և փրկության օր: Այս օրը նվիրված է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին և հրեաների փրկությանը: Տոնակատարության ժամանակ հրեաները շնորհակալություն էին հայտնել Աստծուն և Կարմիր Բանակին լիակատար ոչնչացումից փրկվելու, ինչպես նաև 1948 թվականին Իսրայել պետության ստեղծման համար: «Այսուհետ Հաղթանակի օրը ներառված է ռուսական հրեական կրոնական օրացույցում և կոչվում է Ազատագրության և փրկության օր» -հայտարարել էր Մոսկվայի Գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը: Նրա խոսքով այս տոնը ամբողջ աշխարհի հրեաները նշելու են հրեական օրացույցով իյյար ամսի 26-ին: Ի դեպ 70տարի առաջ այդ ամսաթիվը համընկել էր մայիսի 9-ին, իսկ այս տարի համընկել է մայիսի 15-ին: Նշենք, որ Հաղթանակի օրը որպես կրոնական տոն նշելու գաղափարը պատկանում է Ռուսաստանի հրեական կոնգրեսի փոխնախագահ Գերման Զախարյաեվին:Այդ նախաձեռնությանը աջակցել էին Իսրայելի գլխավոր րաբբիները: Տոնի իմաստը սա է. այդ օրը հրեաները պետք է հիշեն, որ Աստծու նախախնամությամբ և ֆաշիստների դեմ կռվող զինվորների հերոսության շնորհիվ հրեա ազգը փրկվեց ահավոր վտանգից` լիակատար ոչնչացումից: