Հունիսի 17-ի արևամուտից հետո մուսուլմանների մոտ սկսվել է սրբազան ամիսը`Ռամադանը, որը կտևի մինչև հուլիսի 17-ը և կավարտվի Ուրազ-Բայրամ եռօրյա տոնով: Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է և հատկապես կարևոր ու հարգված է մուսուլմանների կողմից, քանի որ ավանդության համաձայն հենց այս ամսում է Ջեբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է սուրբ գրքի՝ Ղուրանի հիմքը:Ռամադան ամսվա ընթացքում բոլոր չափահաս հավատացյալները պետք է պաս պահեն:Պասը համարվում է իսլամի 5 հիմնասյուներից մեկը , որի իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը: Մուսուլմանների համար այն նախ և առաջ կյանքի իրական արժեքները հասկանալու հնարավորություն է: Պասից կարող են ազատվել միայն հղի կանայք, հիվանդները, ծերերը և երեխաները: Ովքեր պաս չեն պահում պետք է պարտադիր ամեն օր կերակրեն որևէ աղքատի: Պասը պահվում է մինչև արևի մայր մտնելը: Այդ ընթացքում հավատացյալները պետք է Ղուրանը կարդան, աղոթեն, բացի ուտելիքից ձեռնպահ մնան բամբասելուց, ծխելուց, զվարճություններից և այլն: Իսկ երեկոյան հավատացյալն արդեն կարող է հրավիրել հարազատներին, մոտ ընկերներին, հարևաններին և հյուրասիրություն կազմակերպել:Ամսվա ընթացքում մուսուլմանները պետք է շատ բարեգործություններ կատարեն: Մզկիթներում անցկացվում են հավելյալ գիշերային ծառայություններ իմամների գլխավորությամբ: