Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  դիմել է   Շվեդիայի լյութերական եկեղեցու առաջնորդ, կին Արքեպիսկոպոս Անթյե Յակելենին և  ասել. «Չի կարելի լռել կամ էլ անտեսել  ընտանիքի, ամուսնության, սեռական կյանքի հետ կապված հարցերը`վախենալով, որ դա կարող է վնասել  էկումենիկ համաձայնությանը»: Պապի կարծիքով, եթե այդ կարևորագույն  հարցերի պատճառով առաջանան դավանաբանական  տարաձայնություններ, ապա դա մեղք կլինի: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին  Գերմանիայի Ավետարանական- լյութերական եկեղեցու պատվիրակության հետ հանդիպման ժամանակ  Հռոմի Պապը դարձյալ բարձրաձայնել էր այս թեզիսը: Խնդիրն այն է, որ  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու և Շվեդիայի Լյութերական  եկեղեցու  շփումների համար  հատկապես կարևոր նշանակություն ունեն բարոյական  հարցերը, քանի որ  Շվեդիայի  Լյութերական  եկեղեցին  դեռևս 2009 թվականին թույլատրել էր միասեռ ամուսնությունները` այդ թվում հոգևորականների համար: Անդրադառնալով  Ռեֆորմացիայի 500 ամյակին, որը նշելու են 2017թվականին, Ֆրանցիսկ I-ը  ցանկություն է հայտնել, որ այն դառնա միաբանությանը ուղղված ևս մեկ քայլ և նշել, որ այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու: Կաթոլիկ Հովվապետը  շեշտել է բարեգործության ոլորտում կաթոլիկների և մյուս  հարանվանությունների ներկայացուցիչների  համագործակցության կարևորությունը,  հատկապես «հալածվող քրիստոնյա եղբայրներին և քույրերին ցուցաբերվող օգնության հարցում»: