Միջազգային հետազոտական մի շարք կազմակերպությունների տվյալներով ներկայումս ամբողջ աշխարհում հալածանքների և ճնշումների է ենթարկվում ավելի քան 100 միլիոն քրիստոնյա: Այս իրավիճակը մեկնաբանել է Համաշխարհային քրիստոնեական խորհրդի վարչության ղեկավար Յան Վոլկովը .<<Արդի աշխարհում քրիստոնյաները ամենից շատ են հալածվում հավատքի համար: Քրիստոնյաների վիճակը և նրանց դեմ իրականացվող հալածանքները հասել են այն մակարդակին, որ այլևս հնարավոր չի միայն փաստել այդ դեպքերը: Իրականացվում է Քրիստոսի հետևորդների նպատակամղված ցեղասպանություն >>-ասել էր Վոլկովը: Նրա կարծիքով անհրաժեշտ է միասնական ճակատով հանդես գալ և շտապ միջոցներ ձեռնարկել: Եզրափակելով իր խոսքը նա հայտարարել էր.<< Համաշխարհային քրիստոնեական խորհուրդը տարբեր հարանվանությունների եկեղեցիներին և քրիստոնեական բազմաթիվ կազմակերպություններին կոչ է անում գործուն քայլեր կատարել միջկրոնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Վաղուց ժամանակն է գործելու>>: Ի դեպ` տարբեր ուսումնասիրությունների համաձայն` Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Եվրոպայի որոշ երկրներում քրիստոնյաները ամենից շատ են ենթարկվում բռնությունների: