Հայ ժողովրդին ցավակցել և զոհերի հիշատակը հարգել է Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Նա մասնակցել էր Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում կայացած մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի աղոթքին, որը առաջնորդում էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եպիսկոպոս Ռյախովսկին Եզրաս Ներսիսյանին պաշտոնական նամակ էր հանձնել, որում իր և ավետարանական հավատքի եկեղեցիների անդամների անունից ցավակցել էր հայ ժողովրդին: «Մենք ձեզ հետ միասին հիշում ենք և հարգում այդ ողբերգական իրադարձությունների զոհերին: Այդ մարդիկ անմեղ էին և համոզված եմ, որ Աստված հիշում է նրանցից յուրաքանչյուրին»-ասված է ուղերձում: Բացի դա, Սերգեյ Ռյախովսկին պաշտոնական ուղերձ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին և ցավակցել հայ ժողովրդի ողբերգության առիթով: