Քրիստոնյա բարձրաստիճան հոգևորականները շարունակում են մեկնաբանել միասեռ ամուսնությունների օրինականացումը Իռլանդիայում: Իռլանդիայի եկեղեցու առաջնորդ և Դուբլինի արքեպիսկոպոս Դիարմուրիդ Մարտինը իտալական <<Լա Սթամպա>> թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր միասեռ ամուսնությունները օրինականացրած հանրաքվեին` ասելով.<<Դա վկայում է իրողություն դարձած շատ խորը երևույթի` մշակութային հեղափոխության մասին>>: Նրա խոսքով միասեռ ամուսնություններին աջակցողների թիվը զարմացրել էր նույնիսկ հանրաքվեի նախաձեռնողներին: Քվեարկության արդյունքների համար որոշիչ էր եղել երիտասարդների ձայները` որոնց 90%-ը կողմ էր քվեարկել: Իսկ այդ երիտասարդների մեծ մասը մանուկ հասակում հաճախել էր կաթոլիկ դպրոցներ: Արքեպիսկոպոսի կարծիքով բավարար չի միայն փոփոխություններ կատարել երիտասարդների հետ տարվող հոգևոր աշխատանքում, այլ նաև եկեղեցին պետք է խորհի, թե երբ և ինչու է կատարվել մշակութային այդ հեղափոխությունը և ինչու եկեղեցու որոշ ծառայողներ անտեսել էին այդ փոփոխությունները:
Իռլանդիայի հանրաքվեի արդյունքների մասին իր կարծիքն էր հայտնել նաև Իտալիայի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ Անջելո Բանյասկոն: <<Լա Րեփուբլիկա>> թերթին տված հարցազրույցում նա ասել էր.<<Այս արդյունքը հարցականի տակ է դնում մեր կարողությունը` ապագա սերունդներին փոխանցելու այն արժեքները, որոնց մենք հավատում ենք: Այդ արդյունքը վկայում է մշակութային հեղափոխության մասին, որը վնասում է մեզ բոլորիս>>: Անջելո Բանյասկոն միաժամանակ նշել էր, որ Եկեղեցին պատրաստ է երկխոսություն վարել համասեռամոլների հետ, սակայն ընտանիք է ճանաչում բացառապես կնոջ և տղամարդու միջև միությունը և շարունակելու է դեմ դուրս գալ միասեռ ամուսնություններին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության 62%-ը կողմ էր քվեարկել միասեռ ամուսնություններին, իսկ դեմ` 37%-ը: