Վալդենսների բողոքական եկեղեցին մերժել է ընդունել կաթոլիկների ներողությունը միջին դարերում տեղի ունեցած հալածանքների համար: << Հնարավոր չի ներել մահացածների անունից>>-հայտարարել է վալդենսյան եկեղեցին: Տեղեկացնենք, որ այս տարվա հունիսի 22-ին Թուրին կատարած այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելել էր վալդենսների տաճարը: Հանդիպման ժամանակ Պապը ներողություն էր խնդրել միջին դարերում կաթոլիկների կողմից այդ համայնքի դեմ ցուցաբերած << ոչ քրիստոնեական և անմարդկային>> վերաբերմունքի և հալածանքների համար: << Հանուն Հիսուս Քրիստոսի, ներեք մեզ>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Վերջերս Վալդենսյան և մեթոդիստական համայնքների ժողովը հրապարակել է Ֆրանցիսկ I-ին ուղղված նամակը, որում պատասխանում են կաթոլիկներին ներելու Պապի խնդրանքին: Նամակում ասված է.<< Ներելու ձեր խնդրանքում տեսնում ենք մեր եկեղեցիների հարաբերություններում նոր էջ բացելու ցանկությունը: Մենք պատրաստ ենք մտնել պատմական այս նոր փուլը, սակայն չենք կարող ընդունել ներողությունը այն մարդկանց փոխարեն, ովքեր իրենց կյանքով են վճարել ավետարանական հավատքի վկայության համար>>: Նշենք, որ պապության պատմության մեջ առաջին անգամ Ֆրանցիսկ I-ն է, որ այցելեց վալդենսյան եկեղեցի, որին 1215թվականին Կաթոլիկ եկեղեցին հերետիկոս էր ճանաչել: Ի դեպ Վալդենսյան կրոնական շարժումը առաջացել է 12-րդ դարում Ֆրանսիայում լիոնցի առևտրական Պիեր Վալդոյի քարոզչության արդյունքում և իր ուսմունքային ու կազմակերպական սկզբունքներով մոտ է մեթոդական եկեղեցուն: 1975 թվականին Վալդենսյան ավետարանական եկեղեցին միավորվել էր Իտալիայի մեթոդական եկեղեցու հետ`առաջացնելով Մեթոդական և Վալդենսյան եկեղեցիների միությունը, որը մտնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ:Ներկայումս Վալդենսյան եկեղեցին ունի գրեթե 40 հազար հետևորդներ Իտալիայում, Շվեյցարիայում, Ուրուգվայում և Արգենտինայում: