SANA գործակալության տեղեկացմամբ յուրօրինակ իրադարձություն է կատարվել քրիստոնյա և մուսուլման աշխարհի համար: Սիրիայի Թարթուս քաղաքում տեղի է ունեցել Մարիամ Աստվածածնի պատվին կառուցված մզկիթի բացման արարողությունը: Սիրիայի գույքի իրավունքների հարցերով նախարարը հայտարարել էր. <<Առաջին անգամ արաբական և մուսուլմանական աշխարհում մզկիթը կոչել են Մարիամ Աստվածածնի անունով: Սա համաձայնության և եղբայրության կոչ է>>: Թարթուս քաղաքի կաթոլիկ պատրիարքության ներկայացուցիչ Անտուան Դիբի կարծիքով մզկիթի բացումը բարի կամքի քայլ է, ինչը ցույց է տալիս, որ քրիստոնեությունը և իսլամը կրում են սիրո և խաղաղության բարձր առաքելությունը: Կրոնի հարցերով փորձագետները մեկնաբանելով այս իրադարձությունը նշել են, որ Սիրիան մշտապես հպարտացել է տարբեր կրոնների հետևորդների խաղաղ գոյակցությամբ: Մինչև 2011 թվականի քաղաքացիական պատերազմի սկսվելը Սիրիայում բնակվում էր 2 միլիոն քրիստոնյա, որը կազմում էր ամբողջ բնակչության 10%-ը: Պատերազմի չորս տարիների ընթացքում երկրից հեռացել է մեկ միլիոնից ավելի մարդ: