Սիրիայի Գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասսունը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան մասնակից է երկու տարի առաջ Հալեպի բարձրաստիճան քրիստոնյա երկու հոգևորականների առևանգմանը: <<Երբ ինձ հարցնում են, թե որտեղ են այդ հոգևորականները, ես պատասխանում եմ. այդ մասին հարցրեք թուրքական անվտանգության մարմիններին>>-ասել էր մուֆթին: Նա պատմել էր, որ Դամասկոսում հանդիպել էր ԱՄՆ-ի արդարադատության նախկին նախարար Ռամսեյ Կլարկի հետ: Վերջինս հայտնել էր, որ առևանգված միտրոպոլիտներից մեկը հիվանդացել էր, նրան բուժել էին Անկարայում, որից հետո վերադարձրել էին առևանգողներին: <<Առևանգված միտրոպոլիտների ազատագրման հարցը կախված է թուրքական կառավարությունից>>-հայտարարել էր Սիրիայի Գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասսունը: Տեղեկացնենք, որ 2013թվականի ապրիլին սիրիացի ընդդիմադիր զինյալ գրոհայինները Հալեպ քաղաքի մոտակայքում կանգնեցրել էին ավտոմեքենան և առևանգել Հալեպի ուղղափառ միտրոպոլիտ Պողոս II-ին և Սիրիական կաթոլիկ եկեղեցու Հալեպի միտրոպոլիտ Հովհաննես Իբրահիմին: Նրանց վարորդին սպանել էին: Մինչ օրս հոգևորականների գտնվելու վայրի և վիճակի մասին հավաստի տեղեկություններ չկան: