Պակիստանցի քրիստոնյա գործարար Փերվեզ Հենրի Ջիլը որոշել է իր հավատակիցներին հալածանքներից պաշտպանել յուրօրինակ ձևով: Գործարարի խոսքով չորս տարի առաջ երազում իրեն հայտնվել էր Տերը և հանձնարարել միջոց գտնել պակիստանցի քրիստոնյաներին օգնելու և պաշտպանելու համար: Երկար խորհելուց հետո Փերվեզ Ջիլը գտնում է լուծումը: Կարաչի քաղաքում, որտեղ իշխանությունը գտնվում է արմատական իսլամիստների ձեռքում, սկսել է կառուցել հսկայական խաչ, որը պատրաստ կլինի արդեն մոտ ապագայում: << Այն դառնալու է Տիրոջ խորհրդանիշը և ով որ տեսնի այդ խաչը կազատագրվի վախից և մտահոգությունից>>- հայտարարել է Փերվեզ Ջիլը: Քրիստոնյա գործարարի խոսքով խաչը ամենամեծն է Ասիայում: Իսկ ամենակարևորն այն է, որ տեղադրվում է Պակիստանում, որտեղ, ինչպես հայտնի է քրիստոնյաներին վերաբերվում են, մեղմ ասած, ոչ բարյացակամ: Խաչի բարձրությունը 42 ու կես մետր է: Դա հավասար է 14 հարկանի շենքի բարձրությանը: Խաչը կառուցվում է Կարաչի քաղաքի կենտրոնում, քրիստոնեական գերեզմանատան մուտի մոտ: Փերվեզ Ջիլի կարծիքով, հսկայական խաչը Պակիստանի քրիստոնյաներին հույս կներշնչի, որ երբևիցե իրենց կյանքը ավելի լավը կդառնա: Ջիլը մտադիր է խաչի բացման արարողությանը հրավիրել Հռոմի Պապին, Պակիստանի վարչապետին, Անգլիայի թագուհուն և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն Պակիստանի 180 միլիոնանոց բնակչության միայն մեկ ու կես տոկոսն են կազմում քրիստոնյաները: Սակայն քրիստոնյա առաջնորդները երկրի կառավարությանը մեղադրում են քրիստոնյաների թիվը դիտավորյալ նվազեցնելու համար: Նրանց տվյալներով քրիստոնյաները կազմում են Պակիստանի բնակչության մոտ հինգ ու կես տոկոսը: