BBC-ի տեղեկացմամբ`Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հիվանդանոցում մահացել է մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահը, ով մարմնով ծածկել էր քրիստոնյա ուղևորներին <<Աշ Շաբաբ>> խմբավորման գրոհայինների հրազենային կրակոցներից: Նախորդ տարվա դեկտեմբերին Քենիայի Մանդերա քաղաքում իսլամիստները հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները մուսուլման ուղևորներին կոչ էին արել առանձնանալ, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, մերժել էին: Գրոհայինները կրակել էին և Սալահ Ֆարահը ծանր վիրավորվել էր: Նրան տեղափոխել էին Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մեկ ամիս անց մահացել է: Հիվանդանոցում Ֆարահի հետ զրուցել էր BBC-ի լրագրողը: Հարցազրույցի ժամանակ նա պատմել էր. <<Գրոհայինները մեզ ասեցին, եթե մուսուլման եք, ապա անվտանգության մեջ եք: Մուսուլման ուղևորներին կարգադրեցին առանձնանալ, սակայն մենք հրաժարվեցինք և հայտարարեցինք.<< Կամ բոլորիս սպանեք կամ էլ մեզ հանգիստ թողեք>>: Լրագրողի այն հարցին, թե ինչու է իր կյանքը վտանգելով պաշտպանել քրիստոնյաներին, Ֆարահը ասել էր.<<Մարդիկ պետք է ապրեն միասին, խաղաղության մեջ:Մենք եղբայրներ ենք, ուղղակի մեր կրոններն են տարբեր: Ես խնդրում եմ իմ եղբայր մուսուլմաններին, որ հոգ տանեն քրիստոնյաների նկատմամբ, որպեսզի քրիստոնյաներն էլ հոգ տանեն մեզ համար: Պետք է օգնենք միմյանց և խաղաղ ապրենք>>: Սալահ Ֆարահի մահից հետո Նայրոբիի ոստիկանապետը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Ֆարահին հերոս էր անվանել: