Սեպտեմբերի 2-ին և 3-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացել է իսլամի և քրիստոնեության ներկայացուցիչների համաժողով,որը նվիրված էր Սիրիայի և Իրաքի քրիստոնեական համայնքների վիճակին: Միջկրոնական հանդիպումը կայացել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության և Միջկրոնական ու միջմշակութային երկխոսության միջազգային կենտրոնի հովանու ներքո: Ի դեպ այդ կենտրոնը ստեղծել են Սաուդյան Արաբիան, Ավստրիան և Իսպանիան: << Շատ կարևոր է, որպեսզի կրոնական տարբեր համայնքների առաջնորդները իրենց միասնական կարծիքը հայտնեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ և հանդես գան հալածվող համայնքների պաշտպանությամբ: Քրիստոնյաները մերձավորարևելյան հասարակության անբաժանելի մասն են կազմում, նրանք այդ տարածաշրջանում ապրում են երկու հազար տարուց ավելի: Քրիստոնեական համայնքի ոչնչացումը իսկական աղետ կդառնա այդ տարածաշրջանի համար>>- հայտարարել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության ներկայացուցիչ, միտրոպոլիտ Էմանուելը: