Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է աջակցել ոչ ծայրահեղական մուսուլմաններին և այդ կերպ պայքարել երիտասարդության շրջանում ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ: Ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված իր ելույթում վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ մուսուլմանները կառավարության հետ միասին կարող են դիմակայել ահաբեկչության սպառնալիքին: Վարչապետը իր մտահոգությունն էր հայտնել իսլամիստ ահաբեկիչների շարքերում կռվելու համար Սիրիա և Իրաք մեկնող երիտասարդ բրիտանացիների թվի մեծացմամբ: << Մենք պետք է ամբողջապես վերանայենք այն աշխատանքը, որ կատարում ենք բանտերում ծայրահեղականության դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է նաև, որ համացանցային ռեսուրսների աշխատակիցները ավելի մեծ օգնություն ցուցաբերեն համացանցում գործող պոտենցիալ ահաբեկիչներին գտնելու համար>>-ասել էր Դևիդ Քեմերոնը: Բացի դա վարչապետը առաջարկել էր ծնողներին իրավունք տալ դադարեցնել երեխաների անձնագրերի ժամկետը, եթե կասկածեն, որ իրենց զավակները կարող են մեկնել Մերձավոր Արևելք: Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի ամբողջական ռազմավարությունը ներկայացնել այս տարվա վերջին: