Ամերիկյան Gatestone Institute-ը հրապարակել է մուսուլմանական երկրներում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ մայիսի զեկույցը , որում մեծ ուշադրություն է հատկացված այդ խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած երկակի չափանիշներին: Զեկույցի համաձայն հաճախ մուսուլմանական երկրների քրիստոնյա առաջնորդներին, ովքեր պետք է հանդես գան քրիստոնյաների վիճակի վերաբերյալ զեկույցներով ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մերժում է այցի հրավերներ տալ: Օրինակ Իրաքից միանձնուհի Դիանային, ով տարբեր կրոնների առաջնորդների պատվիրակության հետ պետք է այցելեր Ամերիկա: Նա զեկույց էր ունենալու Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքների մասին: Պատվիրակության բոլոր անդամները այցելության հրավերներ էին ստացել, բացի քույր Դիանայից: Մերժել էին նաև Նիգերիայից քրիստոնյա նահանգապետ Իոն Դևիդ Չանի այցը: Զեկույցում նշված է Պակիստանում և Եգիպտոսում քրիստոնեական տաճարների դեմ կատարված հարձակումների մասին: Թուրքիայի Էնեզ քաղաքում 900 տարվա ուղղափառ տաճարը վերանորոգելու են և դարձնելու գործող մզկիթ, չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ տաճարը թանգարան է դառնալու: Պակիստանի Սանդա քաղաքում մուսուլմանները մի քրիստոնյայի մեղադրել էին աստվածանարգության համար և դաժան ծեծի ենթարկել:Սիրիայում անհայտ է մնում ասորի 242 քրիստոնյա պատանդների ճակատագիրը, որոնց համար իսլամիստ գրոհայինները պահանջել էին 242 միլիոն դոլար փրկագին: Քանի որ քրիստոնյաները չէին կարող նման գումար վճարել, ուստի դադարեցվել էին բանակցությունները: Զեկույցում անդրադարձել են նաև Թուրքիայի մայրաքաղաքում <<Kamp Armen>> հայկական որբանոցը քանդելու փաստին: Որբանոցը կառուցվել էր 1962 թվականին հայ բողոքական համայնքի նախաձեռնությամբ: Այդտեղ ավելի քան 1500 երեխաներ ապրել էին, մեծացել հայ քրիստոնեական մշակույթի և հոգևոր արժեքների վրա հիմնված միջավայրում: Մանկատան սաների թվում էր նաև <<Ակոս>> ամսագրի խմբագիր Հրանտ Դինքը: Մանկատունը թուրքական իշխանությունները սեփականացրել էին 1987 թվականին: Այն վերադարձնելու բոլոր փորձերը հաջողություն չէին ունեցել: Զեկույցի հեղինակ, հայտնի իսլամագետ Ռայմոնդ Իբրահիմի կարծիքով մուսուլմանական երկրներում քրիստոնյաների հալածանքները կանոնավոր բնույթ են կրում և դրա պատճառը շարիաթի օրենքների վրա հիմնված մուսուլմանական աշխարհայացքն է: