Հունիսի 18-ին Վատիկանում հրապարակել են Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի թվով երկրորդ էնցիկլիկան: Կաթոլիկները էնցիկլիկա են անվանում Պապի ուղերձը բարձրաստիճան հոգևորականությանը և հավատացյալներին: Պապի այս ուղերձը բաղկացած է 184 էջից և նվիրված է շրջապատող միջավայրին ու կլիմայական փոփոխություններին: Փաստաթղթում Ֆրանցիսկ I-ը կոչ է անում հոգ տանել երկիր մոլորակի համար: Նա նշում է ջրի և օդի կեղտոտման,արդյունաբերական և թունավոր թափոնների, ծովի ջրի մակարդակի բաձրացման և եղանակային փոփոխությունների մասին: Ըստ Պապի` աշխարհը կանգնած է աղետի առաջ, որն ունի և բնապահպանական և սոցիալական բնույթ: Նա կոչ է անում փոխել կենսակերպը, արտադրության և սպառման մոդելները: << Բնության հետ մեր հարաբերությունների նորոգումը անհնարին է առանց մարդկության նորոգման>>-ասված է ուղերձում: Պապը խիստ քննադատում է վառելիքի ինտենսիվ արդյունահանման վրա հիմնված զարգացման ժամանակակից մոդելը և կոչ է անում հրաժարվել ազատ շուկայի տիրապետող կոնցեպցիայից, որի համաձայն բոլոր խնդիրները կարող են լուծվել մարդկանց և ընկերությունների եկամուտների ավելացման միջոցով: Ֆրանցիսկ I-ը զգուշացրել է նաև տեխնոլոգիական զարգացմամբ չափից դուրս հրապուրվելուց: <<Ես չեմ առաջարկում քարի դար վերադառնալ: Բայց մենք պետք է կանգ առնենք և աշխարհին նայենք այլ աչքերով: Երկիրը գոյություն է ունեցել մեզնից առաջ և նվեր է տրված մեզ>>-ասված է ուղերձում: Նշենք, որ Պապի ուղերձի տեքստը մատչելի կլինի անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և պորտուգալերեն լեզուներով: Բնապահպանները հույս ունեն, որ կաթոլիկ Հովվապետի ուղերձը ազդեցություն կունենա այս տարվա դեկտեմբերին գլոբալ տաքացմանը նվիրված ՄԱԿ-ում կայանալիք կոնֆերանսի աշխատանքների վրա, քանի որ Պապը գլոբալ տաքացման պատճառներից է համարում նաև մարդկային գործունեությունը: << Մենք մեզ համարում ենք երկրի տերերը և իրավունք ենք վերապահում թալանել այն: Բռնությունը բնակվում է մեր սրտերում, մեր սրտերը խոցոտված են մեղքերով և այս հիվանդության ախտանիշները արտահայտվում են հողում, օդում և կյանքի բոլոր ձևերում>>-ասված է Ֆրանցիսկ I-ի ուղերձում: Ի դեպ` ամերիկացի պահպանողական մի շարք քաղաքական գործիչներ արդեն քննադատել են Ֆրանցիսկ I-ի ուղերձը: